Լրահոս

15.04.2012 23:51


Գոհար Վեզիրյան. «Սերժ Սարգսյանը կոնկրետ իրավիճակներում դառնում է խուլիգանների և հանցագործների հովանովորյալը»

Գոհար Վեզիրյան. «Սերժ Սարգսյանը կոնկրետ իրավիճակներում դառնում է խուլիգանների և հանցագործների հովանովորյալը»

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների դեմ կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված լրագրող Գոհար Վեզիրյանը։ Դրանում, մասնավորապես, ասված է.
«Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների դեմ իրականացված բռնությունների պատասխանատուն իշխանությունն է, քանի որ Սամվել Ալեքսանյանը չէր կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել և հարձակում ծրագրել ՀԱԿ ներկայացուցիչների վրա։ Տեղի ունեցածը հակասում է իշխանությունների՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին տրված խոստումներին։ Սերժ Սարգսյանն իր հանդիպումներում քարոզում է քաղաքական հանդուրժողականություն, մինչդեռ կոնկրետ իրավիճակներում դառնում է խուլիգանների և հանցագործների հովանովորյալը՝ այսպիսով բացառելով ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու բոլոր հնարավորությունները։ Սերժ Սարգսյանին ցանկանում եմ հիշեցնել, որ նա ի պաշտոնե պարտավոր է ապահովել նախընտրական քարոզարշավի օրինական ընթացքը։ 

Իշխանությունը մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս,և մենք մեր կամքը պիտի պարտադրենք՝ պահանջելով պատժել միջադեպի հեղինակներին, սադրիչներին և այն մարդկանց, որոնք, օգտագործելով քաղաքացիների սոցիալ–տնտեսական ծանր վիճակը, ՀՀ քաղաքացուն դարձնում են իրենց էժանագին ծրագրերի գործիք ու իրենց կեղտոտ ձեռքերի խաղալիքը։

Խստորեն դատապարտելով իշխանությունների որդեգրած գործելաոճը՝ պահանջում եմ անհապաղ պատասխանատվության ենթարկել սադրիչներին և պատգամավորության թեկնածուների նկատմամբ բռնություն կիրառած անձանց և ապահովել նախընտրական քարոզչության օրինական ընթացքը»։ 

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ կանայք ամեն կերպ փորձել են խանգարել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, իսկ մի քանի երիտասարդ՝ծեծել են պատգամավոևության թեկնածուներ Գայանե Առուստամյանին, Զոյա Թադևոսյանին և Բաբկեն Գարոյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը